Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տային էլ, որտեղից ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու...

— Այ տղա, էս հո կարգին զորք ենք,— և դարբնի տղան բարձր կանչեց.

— Սլուշա՛յ... Ափիցեր Աքել Շուղունցով...

— Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

— Աքել ամիս նեղանալ չի... Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,— ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

— Թամամ հաշիվ... Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին...

— Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի դարին առաջը... Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞,— ասաց Գիլանց Մուքին։

— Մի հաշիվ չի՞... էս գլխից հենց նրա ձին են տանելու,— ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով:

— Ոնց չէ,— առարկեց Իվանը,— քո Ցոլակը առաջի նոմերը կհանի, նրանը չէ... Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես էտց լինի,— ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

Սիմոնը վրդովվեց։

— Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են... Նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել...

— էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,— ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա...