Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակը իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրեր։

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայհրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել։ Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունը քշել քաղաք։

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։ Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։ Եվ բոլորի աչքերն ուղղված էին սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր։ Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից գողացող ոտքերով քաշում էր ձին և արագ