Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։

Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա, և, ինչպես պարտված ըմբիշ նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան, և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը,— և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոջ ազգանունը։

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան՝ ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։

Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

— Հը, շա՞տ են տանում...

— Էլ մի ասեք, զուլում ա...

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

— Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի... Թե չէ՝ բոյը հաշիվ չի...

Սիմոնի ոտները թուլացան։

Մինչև այդ խոսակցությունր նա դեռ մի աղոտ հույս