Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

— Ցոլա՜կ,— և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից: Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը: Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

— Ցոլակ... Գնում ես էլի...

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

— Հիմա Քարագլուխն են կանչում, հետո ղիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք...

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց։

— Էդ ո՞ւր, Սիմոն,— ձայն տվավ Սաքու տղան:

— Տանեմ գետը... Կաթնաղբյուրից ջուր չխմեց:

Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախչում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները, և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։

Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային, նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։ Նրանք տեսան փախչող ձիավորին, և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռներր, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։