Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա հետ մնաց վերջին տունը, և բացվեց կարտոֆiլի դաշտերը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց: Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին:

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով: Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է: Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը: Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետևի ոտքերը կապոտել։

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը, և հաճելի դրդռից մեջքի մաշկը դողդողաց։

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։ Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։ Մի քանի րոպեից մաշկը պլոկվեց և արնոտեց քարը։

Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեջքի վրա և քարը հա քսում էր։ Արդեն նոր բացված վերքից