Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգերով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։

Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը, և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

—Չլինի՞ տամար տրաքեց…

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։

Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն:

Ցոլակը դողում էր։

Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել, և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։