Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր` կտանեն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ...


Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից։ Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ինչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում` սեղանի շուրջը բոլորած մարդիկ։

Մի կապտավուն ձի երկար, ծալվեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել։ Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և հետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը։ Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց