Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինվորները կապել էին փշալարի ցանկապատի ետևը,—մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվանները շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց. լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը,— ապա նորից կլանեց ամեն ինչ:

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից: Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ: Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Դիլանց Մուքին, Աքելը և մյուսները: Գրագիրը կարդում էր անունները:

— Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա:

Ամենից առաջ Շուղունց Աքելին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ հետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

Մոտեցան և զննեցին նրա ձիուն: Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը: Զինվորները