Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը…

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը, և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թափեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր, և ճանապարհ դեռ շատ կար։

Սիմոնը նայեց ներքև… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը. նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ, և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։

Ու հետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը, և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնդացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա…

Միայն Շուդունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա: