Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաբուդից շարունակ նամակ էր գալիս։ Նա ուրախ էր, որ թագավոր էլ չկա, բայց գրում էր, թե այդ քիչ է, պիտի այնպես անել, որ ամեն մարդ իր հալալ քրտինքն ուտի։ Հաբուդն ուրիշ շատ բան էր գրում նամակում, բայց Իսանանց տղան հորը չէր կարդում։

− Տղադ սարսաղացել ա, Բադի ապեր, խելքը գլխից թռել ա։

Վանդունց Բադին երբեք չէր հավատա, թե Հաբուդը խելքը տանուլ կտա։ Նա գիտեր, որ որդին աչքաբաց տղա է, ո՞վ գիտե ինչ հաշիվ ուներ Իսանանց տղան Հաբուդի հետ։ Նա հենց էն գլխից նրան չէր սիրում։

Հաբուդը գրում էր, որ ինքը մի պոլկի կոմիտե է դառել, որ իրենց պոլկն էլ կռիվ չի ուզում։ Իրիկունը Բադին գալիս էր տուն, Հաթամի աղջկա հետ խոսում, հարցուփորձ անում, թե գյուղում ի՞նչ են ասում։ Մի իրիկուն էլ Բադին թե՝

− Հաթամի աղջիկ, լսե՞լ ես, որ ասում են, թե մեր Հաբուդը բոլշևիկ ա դառել։

− Ի՞նչ...

− Բոլշևիկ․ Իսանանց տղան էր ասում։ Բոլշևիկն էն ա էլի, որ ուզում ա հարուստ քյասիբ խառնի իրար, հավասարացնի։

* * *

Անցավ մի ամիս էլ։

Մի օր էլ Հաբուդը տուն եկավ, առանց առաջուց հայտնելու։

Հենց երեկոյան դեմ, երբ մութ էր արդեն, ներս մտավ նա, շինելը ուսին, հաղթանդամ, բեղ ու միրուքով մի տղամարդ։

Վանդունց Բադու խրճիթն իր հիմնելու օրից այնքան ուրախություն երբեք չէր տեսել։ Հարցուփորձ, գրկախառնումի արցունք և ուրախություն անչափ։