Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ և, ինչպես երազ, նորից կանհետանա։ Ահա մի գետնափոր տուն, որ դրսից լուսամուտ չունի, և գորշ պատի մեջ չի երևում դուռը։ Կարծես դեղնած այգիներում ամայի հնձան է, որտեղ այլևս չկա ո՛չ միրգ, ո՛չ երգ։ Սակայն գետնի տակից լսվում է երեխայի լաց, և գետինը թնդում է փայտե օրորոցի զարկերից։ Ու չքանում են պատերը, տեսնում եք մորը՝ կռացած օրորոցի վրա, և մոռացված մի երգ օրորում է ձեր մանկությունը։ Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը։ Տները գետափին են, և շատ պատշգամբներ կախված են ջրերի վրա։ Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրանում են վեր։ Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը։ Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին, և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խազալի վրա..․

Այղ փողոցից կարելի է մտնել մի ամբողջ քաղաք, քաղաքի մեջ քաղաք, բազմաթիվ խճճված անցքերով, ինչպես մրջնոցը, մանվածապատ և բոլորովին նեղ փողոցներով, որոնցով հազիվ է անցնում պաղպաղակ վաճառողի սայլակը,— կավե տների և կիսաչոր չինարիների մի լաբիրինթ, որտեղ խլրտում է արհեստավորների և մանր տնատերերի մի ահռելի բազմություն: Այստեղ մի տուն կքել է ռադիոյի կայմի ծանրության տակ, մի ուրիշի փոքր դռնակին կպցրել են թիթեղի կտոր՝ «նորոգեմ պրիմուս», իսկ տերը մտել է կիսաքանդ պատի ճեղքը։ Այս փողոցներում ապրում են ամենաօրինապահ և միլիցիոների կարգադրությունը երկյուղած բարեխղճությամբ կատարող քաղաքացիներ։ Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում դեռ նոր են կախում տոնական դրոշները,