Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց բարձրավիզ կոշիկների վրա երևում են բոլոր ներկերի հետքերը` գաջից մինչև օլիֆ։ Ահա «արճիճե» բանակը, ահա և կաշեգործները, որոնք վաղնջական ժամանակներում եղբայրակից էին բանաստեղծական արվեստին։

Աշխատանքի այդ բանակը անտարբեր է փողոցի գեղեցկության։ Եթե մեկը երազում է այս փողոցում՝ նրան անվանում են «ավարա»։ Եթե վարպետը բարկանում է աշակերտի վրա և հանդիմանում, ապա հիշատակում է և այս փողոցի անունը. «Դու լավ կարաս Աստաֆյանը չափես...»: Գործարանները շտապող այս մարդիկ չեն սիրում փողոցի երկարությունը։ Նրանք, երբ վերադառնում են աշխատանքից, հատկապես տարիքավորները, շատ են գանգատվում այս երկար փողոցից. «Գնա՜, գնա՜ թե վերջանա...», «Ե՞րբ կազատվենք սրա ձեռից...», «Ա՜խ, մի ոտքերս կտրվեն գետնից, գռռալով գնամ, գռռալով գամ...». Եվ այս բոլորն այն փողոցի հասցեին, որ համբերատար լսում է և մյուս փողոցներից ավելի մաքուր է, մայթերն ամուր են, իսկ լանջը՝ արծաթյա պնակի նման ողորկ: Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ ներկարարների ծանր կոշիկներն ամուր դոփում են, այնինչ փողոցը, կարելի է ասել, կուլ է տալիս իր սեփական փոշին, որ հեշտ լինի նրանց երթը:

Սակայն բարակում է այս հոսանքը, և միայն հեռվից, կաշեգործարանի մոտերքից լսվում է ներկարարների հաստ կոշիկների դոփյունը։ Նրանք դեռ գործարան չեն հասել: Փողոցում երերում է փոշու ծխագույն շղարշը: Դարձյալ երևում են հատուկենտ մարդիկ։ Նրանցից մի քանիսը շտապում են, մյուսները ծանրաքայլ են։ Շտապողները հետ մնացած բանվորներն են, ծանրաքայլ անցողները՝ ծառայողների բանակի առաջապահները, որոնք թևերի տակ մատյան, համրիչ կամ թղթի կապոց՝ գնում են իրենց հիմնարկը կիսատ բալանսը լրացնելու կամ քաղվածքներ գրանցելու և կամ հենց այնպես, մի քանի րոպե վարիչի աթոռի վրա նստելու և երազելու ո՞վ գիտե որպիսի հեռանկար։