Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք առաջապահներն են, իսկ բանակը դեռ թեյ է խմում և հաճախ նայում ժամացույցին։ Մի քանի րոպե ևս, և ահա փողոցը հեղեղում են գործավարները, մեքենագրուհիները, հաշվապահները, վիճակագիրները, հաշվետարները, քարտուղարները, մանր բաժինների վարիչները, որոնց մեջ, ինչպես սարյակը ճնճղուկների երամում, կարելի է տեսնել և վարչության պետերին։ Այս բանակը առաջինի ոչ կարգապահությունն ունի, ոչ ծանրախոհ լրջությունը։ Միայն գլխավոր հաշվապահներն են իրենց քայլվածքով ներշնչում ուժ և վստահություն։ Իսկ մանր հաշվետարները, որ միայն թվաբանական չորս գործողություն են կատարում հաշիվների հետ, — կարծես դպրոց են գնում։ Հապա մեքենագրուհիներր... Կա այնպիսին, որ փողոցումն է ավարտում իր տուալետը, կա, որ հենց գլխավոր հաշվապահի քթի տակ վեր է քաշում գուլպան և կորացնում իր ոտքը (և ի՜նչ ոտք, սրտեր խոցող կեռ յաթաղան... )։ Կա և այնպիսին, որ մինչև հիմնարկի մուտքը զարմանալի արագությամբ տեղեկանում է գիշերային պատահարների մասին, մի քիչ բամբասում է, մի քիչ զվարճանում և մի քիշ նախանձում: Ահա սրանց են ասում «Աստաֆյանի օրիորդներ», սրանք են, որ փողոցը լցնում են երփնաբույր օծանելիքներով, օդի մեջ թողնելով աննյութական ժապավեն, երբ նրանց բարակ մատներն արդեն խաղում են ունդերվուդի ստեղների հետ։

Առավոտյան այդ ժամին փողոցում կարելի է, լսել զանազան տեմբրերի ծիծաղ, գլխավոր հաշվապահի կուշտ վրնջոցից մինչև մանր հաշվետարի անպատեհ քրքիջը։ Սակայն այդ ամենը ոչինչ են այն խոսակցությունների աղմուկի մեջ, որով հեղեղվում է փողոցը։ Ահա Մատժողկոմատի գործակատարը հանդիպեց Պտուղբանջարակենտրոնի գործավարին. մի բարև, և նրանք ընդհարվում են գրության սխալ նոմերի, առդիրը չլինելու, «մեր պատասխանը» ուշացնելու և էլ ով գիտե ինչպիսի՛ առիթով։ Մի ուրիշ տեղ բռնվել են իրար Վասիլ Պետրովիչը և