Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոյուղու վարչության ծախսարարը։ Վասիլ Պետրովիչը սպառնում է Բողոքների բյուրոյով և ավելի բարձր ինստանցով, եթե Կոյուղու վարչությունը չմուծի տախտակների արժեքը։ Իսկ ծախսարարը կրկնում է. «Վարկը բաց անեն, իսկո՛ւյն, իսկո՛ւյն, Վասիլ Պետրովիչ, հե՜նց նույն օրը…։ Ահա Պետարխիվի աշխատակիցը պատմում է գիշերվա երազը, պատմում է և միաժամանակ ընկերոջ թևից քարշ տալով մոտենում՝ կարդալու թարմ մահազդը։ Մենք կարող ենք այս օրինակները բազմացնել, որպեսզի չկարծենք թե այդ ժամին Աստաֆյան փողոցով անցնում են միայն սեթևեթ մեքենագրուհիներ և կամ թե մանր հաշվետարներ. ո՜չ, այդ բազմության մեջ կան պետական բարձր խելքեր, գլուխներ, որոնք ընդունակ են կառավարելու մի ամբողջ նահանգ, և ոչ թե միայն մի դրամարկղ: Կարող էինք բազմացնել գործի մարդկանց թիվը, բայց մինչդեռ մենք խո՛սքով էինք, նրանք արդեն անցան իրենց գործին։

Անցավ և մարդկային այս ալիքը, եղավ ժամը տասը։ Աստաֆյանը նորից ամայացավ։ Արդեն արևը բավական ճանապարհ է կտրել և գնում է դեպի այն սառն ամպը, որ մոլորվել է վերևի կապույտում: Ծառերը ստվեր են գցում մայթերի վրա, և մայթերի ստվերով ծանրաքայլ անցնում են կոլեգիայի անդամները, որոնք վաղ առավոտյան իրենց բնակարաններում ընթացք են տվել մեծամեծ գործերի։ Արագ վազում են ցրիչները՝ դեպի հիմնարկները, փոստը, բանկերը, — տանելով հեռագրեր, ծրարներ և բազմաբովանդակ գրություններ։ Բայց ահա գալիս է այն ժամը, երբ կոլեգիայի անդամը լսել է երկու բաժնի զեկուցում, երբ կենսաթոշակ ստացողը նստել է «հառաչանքի ծառուղու» նստարանի վրա, երբ դպրոցում աշակերտները կորցնում են ուշադրությունը և խծբծում են նստարանների վրա,— մի խոսքով այն ժամը, երբ փողոցի մաքուր հայելին շողշողում է, և լրագրային կիոսկի ստվերում քուն է մտել մշակը,— այն