Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամը, երբ քաղաքի ամենաչքնաղ կանայք, ընդամենը ութ-ինը հոգի, իրենց մանուկների հետ, և եթե չունեն՝ մենակ, դուրս են եկել արևին ցույց տալու իրենց զգեստները, իրենց երեսները, քայլվածքը և իրենց։

Այդ ժամին Աստաֆյանը դառնում է լեռնային լիճ։ Եվ լողում են այդ լճի վրա նրբիրան կանայք, այնպես, որ նույնիսկ արևը խանդով է նայում այդ փողոցին։ Եվ ի՞նչ բույր, մշկենու ի՜նչ հոտ... Ահա գնում է մեկը և գիտե, որ քաղաքի ամենագեղեցիկ ոտքերն իրենն են. գնում է և ոտքերը փոխում այնպես կաքավաքայլ, կարծես ափսոսում է կոխել գետինը: Ահա մի ուրիշը՝ երկար և սև արտևանունքներով, որոնց տակից նայում են մթին աչքերը, ինչպես աստղերը՝ ջրհորի մեջ։ Կան և կապույտ աչքեր, այնքան վճիտ, որ նրանց մեջ արտացոլում է զգեստի ծփանքը, ինչպես անտառի չորորը՝ լեռնային լճակի մեջ։ Կան և հոլանի բազուկներ, և էլ ինչե՜ր չկան ու ի՜նչ ձևեր, ձևերի որպիսի կորություն, ամենը նուրբ...

Լավ է դադար առնել այստեղ:

3

Հետաքրքիր չեն մյուս ժամերը՝ մինչև երեքը, չորսը, և նույնիսկ այդ ժամերն Էլ հետաքրքիր չեն, որովհետև բանակները աշխատանքից հոգնած շտապում են հացի և հանգստի: Նրանք արագ են անցնում և ուշադրություն չեն դարձնում փողոցի եռուզեռին, այլևս բարձրաձայն չեն խոսում իրենց ծառայության և առտնին գործերի մասին: Եթե որևէ մեքենագրուհի մի քիչ կանգնում է վիտրինի առաջ և դիտում կանացի գլխարկները,— ուշադրության արժանի չէ նրա տխուր դիրքը։ Կարելի է լսել զուսպ տրտունջներ, որ շոգ է, սակայն այդ չի վերաբերում փողոցին, որովհետև շոգը արևն է թափում։ Նրանք չեն նկատում, որ հենց այդ ժամին փողոցի ծառերը շարժում են իրենց ճյուղերը, որպեսզի զովանան ծառայական անձանց հոգնած մարմինները։

Հետո երկարում են ստվերները, արևը հանգստի է