Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաբուդը հայտնեց ծնողներին, որ էլ զինվոր չպիտի գնա, էլ չի ուզում կռվել։

− Թող մի քիչ էլ Իսանանց տղերքը կռվեն։

Երկու տարվա բացակայությունից հետո, անհամար քաղաքներ թափառելուց հոգնած՝ Հաբուդը հանգիստ պառկեց հայրենի խրճիթում, խսրի վրա, պառավ մոր կողքին։

* * *

Մյուս օրը գյուղում ամենքն իմացան, որ Վանդունց Հաբուդը տուն է եկել։

Շատերն ուրախացան, Հաթամի աղջկան շտապեցին աչքալույս տալ։ Բայց 10 Իսանանց տղան, պիսիրը, մինչև անգամ գզիր Զաքին չուրախացան։

Իսանանց տղան նրանց ասում էր, որ Հաբուդը բոլշևիկ է դառել, նա գյուղում խառնակչություն պիտի անի, ջուրը պիտի պղտորի։ Եվ գզիր Զաքուն անմիջապես հանձնարարվեց հետևել, թե ում հետ է լինում Հաբուդը, ուր է գնում, ինչ է անում։

Առիթը շուտով ներկայացավ։

Գյուղում մի ժողովի ժամանակ, որին ներկա էր և վարժապետ Մինասը՝ քաղաքի կոմիտեն, Հաբուդը մի քանի խոսք ասեց Իսանանց տղի հասցեին։

Ժողով էին արել, որ տուրք նշանակեն քաղաքի կոմիտեի համար։ Վարժապետ Մինասը ճառ էր ասում, թե հեղափոխությունը վտանգվում է, գերմանացիք 20 կաշառք են տվել բոլշևիկներին, որ ռուսաց զորքը քանդեն։ Հարկավոր է բանակը զորացնել, կյանքը զոհել հայրենիքի համար։

− Մեկը ես՝ պատրաստ եմ, երբ ինձ հրամայեն, թողնել տուն ու տեղ, գործ ու պաշտոն, գնալ կամավոր։

Այսպես էր ասում վարժապետ Մինասը և ճառում, կոկորդը պատռում, կուրծքը ծեծում, ձեռքերը քամու ջաղացի թևերի պես շարժում օդի մեջ։