Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում։ Հետզհետե կենդանանում է փողոցը։ Դուրս են գալիս նրանք, որոնք հետկեսօրյա քնից ծանրացել են, և նրանք, որոնք սպասել են ձգվող ստվերներին։ Սկսվում է Աստաֆյան փողոցի իսկական կյանքը, նրա վեհությանը, այն ժամանակը, երբ նա դադարում է փողոց լինելուց և դառնում է զբոսարան, ժամադրավայր, երազատուն, մի խոսքով հայրենի տուն, որտեղ շրշում են հորեղբոր որդիները և մորաքրոջ աղջիկները, հորեղբայրները, քեռիները և պապերը։ Ամենից անհամբերը երիտասարդներն են: Ահա Գետառի կողմից արագ գալիս է մի դեռատի պատանի։ Նա սանրել է մազերը, փայլում են կոշիկները և ձեռքին ծաղիկների փունջ ունի։ Նա չի տեսնում ոչ խոչընդոտ, ոչ մյուս փողոցների երթևեկը։ Նրան թվում է, թե Աստաֆյանը մի անմարդ այգի է, որտեղ ծառերը բուսել են ստվերի և հառաչանքների համար: Մի անմարդ այգի, որտեղ նրան սպասում է մի մանկահասակ աղջիկ և միամիտ մի զրույց։ Այդ դեռ սկիզբն է, և երբ վառվում են լապտերները, Աստաֆյան փողոցում կարելի է տեսնել նման պատանի զույգեր, որոնք հեռուները չեն գնում և ոչինչ չեն զգում մարդաշատ մայթերի վրա, բացի առավոտի նման բացվող իրենց սերը: Նրանք իրարից որոշ հեռավորության վրա են կանգնած և շատ-շատ աղջիկը երկարում է իր բարակ բազուկը ծառից մի տերև պոկելու, իսկ տղան ծառի բունը գրկած շարունակում է սիրային շատախոսությունը: Իջնում է գիշերր, երևում են ուրիշ զույգեր, որոնք գնում են փողոցն ի վեր դեպի համալսարանի բարդիները և ուշաթափվող աղբյուրը։ Գիշերային տարաժամին այդ կողմերում կարելի է տեսնել արձանի նման անշարժ զույգերի, որոնք բռնկվել են անհաղթահարելի կրակով: Եթե բարդիները կարողանային խոսել և քարերը լեզու առնեին, այն ժամանակ կարելի էր լսել զարմանահրաշ պատմություններ՝ ավելի հետաքրքիր, քան հազար ու մի գիշերների հեքիաթները։ Իսկ եթե յուրաքանչյուր զույգ