Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր այցելությունը հավերժացնելու համար մի քար հրեր այդ կողմերը, այն ժամանակ մենք կունենայինք Բարյոնի աշտարակի չափ բուրգեր և հյուսիս-արևելյան քամին փոշի չէր մաղի մեր քաղաքի վրա։

Իսկապես որ զարմանալի փողոց է Աստաֆյանը…

4

Այնուամենայնիվ ամենահրաշալի այդ ժամերի նկարագրությունը չի կարող գերել մեր գրիչը և մեզ ստիպել մոռացության տալու մի էակի, որին մենք պետք է անվանենք անանուն մարդ, որովհետև մի առանձին բան չի ավելանա, եթե հիշատակենք նրա անունը և ազգանունը, նկարագրենք նրա դեմքը և պատմենք նրա կյանքը, թեկուզ համառոտագրած։

Ահա վրա հասան այն ժամերը, երբ փողոցում, չհաշված նրանց, որոնք շտապում են տուն, մնացել են նրա հավատարիմ երկրպագուները։ Այդ մի քանի զույգ սիրահարներ են, որոնք իրարից չեն կարողանում բաժանվել, ապա մտավորական խավի ներկայացուցիչներ, որոնք ճեմելով վիճում են ո՜վ գիտե ինչպիսի անլուծելի խնդիրների մասին, ապա նրանք, որոնք նվվում են, ինչպես գիշերային բուն, և վերջապես նրանք, որոնց զգացմունքների կապանքներն արձակվել են և այդ տարածության վրա զբոսնելով գոհ են, որ վերևից ժպտում են հայրենի աստղերը, ոտքերի տակ հին հողն է, ջրերը գալիս են երկրի խորքերից, և ջրերը նրանց պատմում են հին օրերի մասին։

Գիշերային այդ ժամին քաղաքի այն խուլ փողոցներից, այն ասիական լաբիրինթից, որ, ինչպես ասացինք, քաղաք է քաղաքի մեջ և որտեղ խլրտում է մանր տնատերերի մի բազմություն,— դուրս է գալիս մի վտիտ մարդ, մի անանուն մարդ։ Նա կանգնում է երեք բարդիների աոաջ, նայում է ներքև, տեսնում է փողոցի գետինը, որ շողում է լույսերի տակ և լսում է ջրերի ձայնը։ Հետո նա բարձրացնում է բարակ վերարկուի