Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օձիքը և մայթի վրայով գնում է դեպի վեր։ Փողոցի վերջում նա անհայտանում է և երկար ժամանակ չի երևում: Նա նստում է մի փոքրիկ բարձրության վրա և այնտեղից նայում է քաղաքի լույսերին, դաշտին և հեռվի լեռներին:

Մութի մեջ ցցվում է Արարատի սպիտակ գագաթը։ Ստորոտը, որտեղ ձյուն չկա, կորչում է մութի մեջ և երևում է միայն ձյունոտ գագաթը, որ հեռուներում դողում է ինչպես վիթխարի ամպ։ Նրա աչքին ահա երևում է այդ սպիտակ գագաթը և քաղաքը, որի կրակները քանի հեռանում, այնքան խառնվում են իրար, և ստացվում է կրակների ծփացող ծով։ Սակայն այդ անանուն մարդը խորշում է կրակների ծովից և հայացքը դարձնում է դեպի լեռան գագաթը։ Ապա նայում է Աստաֆյանի ուղիղ սլաքին և փակում է աչքերը։

Ի՞նչ էր նրա ցնորքը, ի՞նչ կդարձներ նա այս փողոցը:

Նա կփակեր փողոցի բոլոր մուտքերը կավե պատերով, կթողներ միայն մի դռնակ, որով մտներ միայն սայլը: Նա հողին կհավասարեցներ բոլոր քարաշեն տները և նրանց փոխարեն կկառուցեր կավե խրճիթներ, նրանց կտուրին չարդախ, որպեսզի լուսնկա գիշերներին բնակիչներրը բարձրանային վերև, և լուսնակը շողք գցեր փայտե օրորոցների վրա։ Նա կկտրատեր բոլոր լարերը և բնակիչներին կհրամայեր, որ ձմեռը ձեթ վառեն, մնացած ժամանակ ելնեն արևի հետ և պառկեն մթնով: Ելնեն արևի հետ և աշխատեն իրենց պարտեզներում, այգիներում, ցանեն սոխ ու սխտոր, ոսկեհատ ցորեն և հնձաններում ոտքերով ճմլեն խաղողը: Նա կցանկանար տեսնել համեստ աղջիկներ, արծաթյա մախչայով, գլխանոցներով, երկար-երկար ծամերով, որոնց ծայրերին լինեին ուլունքներ: Աղջիկները սափորներով գինի բերեին հնձաններից, մարեն մառանից հաներ սպիտակ լավաշ և յուղ և պանիր, ինքը նստեր կտուրի վրա, ներքևը ջրերը խոխոջային, վերևը երկնքի խոր կապույտը: Եվ ցոլք տար Բարձր լեռը: Հավիտյան այդպես մնար այս