Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրում: Ահա գնում է ջրելու պարտեզը։ Սյուն է նստել, և ձյունի վրա նա տեսնում է գազանների հետքեր։ Անձրև է իջել և տաք գոլորշի է բարձրանում ձիերի մեջքից, որոնք սեղմվել են իրար և ննջում են։ Խշշում է անտառը, մինչև լույս նրա խորքում վառվում է հովիվների խարույկը։

Երբեմն նրանք, որոնք կեսգիշերից ուշ անցել են այդ փողոցով, լսել են տխուր երգի և նվագի ձայն։ Ոմանք ենթադրել են, որ այն կույր երաժիշտն է փչում իր սրինգը, ոմանք վերագրել են մենավոր սայլապանին, որը քշել է սայլը դեպի գյուղական ճանապարհը և սայլի հետ օրորալով երգել իր միամիտ երգը, ոմանց նույնիսկ թվացել է, որ այգ խուլ ձայնը գալիս է աստղերից,—սակայն ստույգ է, որ երգողը այն վտիտ մարդն էր, որ ուներ մաշված, հնաձև վերարկու և նիհար մարմին։

Ինչպես լաց, ինչպես մորմոք ու կարոտ, հնչում էր նրա խեղճության երգը, և նա գոհ էր, որ իրեն լսում են լեռներից իջնող քամին, ջրերը, բարդիները, այն ձյունոտ գագաթը, որ սահմանն էր նրա անիրական աշխարհի։ Այդ վտիտ մարդը իջնում էր փողոցի վրա և հիացած փողոցի խաղաղությամբ, ջրերի ձայնով ու ծառերի սոսափով, քայլում էր դանդաղ և չէր տեսնում անցնողներին։ Նա հասնում էր մինչև այն երեք բարդին և ապա կորչում էր նեղ փողոցների լաբիրինթում, կարծես մտնում էր գետնի տակ, ինչպես մի ոգի կամ մի սև բզեզ։

5

Այն բանակը, որ առավոտյան կանուխ աշխատանքի էր գնում և դժգոհում էր հեռավորությունից,— մի օր շրջվեց դեպի այս փողոցը։ Սկսվեց այն, ինչ անջնջելի կմնա մեր քաղաքի պատմության մեջ։ Բահերով և բրիչներով զինված մի բազմություն գրոհի դիմեց։ Փորեցին գետինը, և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել։ Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ