Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերջ տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթին։ Փողոցր դարձավ եռացող աշխատանքի կաթսա, և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար: Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը։ Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք, մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը:

Եկավ և այն օրը, երբ աոաջին վագոնը սուրաց այս փողոցով… Խնդություն էր և ազատության աղաղակներ: Կարծես զրահագնացք էր, որ քաղաքի բնակիչներին բերում էր փրկություն բազմադարյա ստրկությունից։

Փողոցն ուրիշ դարձավ։ Թեքվեց պրովինցիայի դեղնած արևը: Բացվեց մի վիհ, և այդ վիհը կլանեց այն միակը և անկրկնելին, որ հայտնի էր որպես Երևան քաղաքի Աստաֆյան փողոց։

Մի գիշեր այն անանուն մարդը, որ վերջին սիրահարն էր այս փողոցի, դուրս եկավ նեղ փողոցների լաբիրինթից, որտեղ ամեն մի տան մեջ, ամեն մի ներքնահարկում խոսում էին այդ վիթխարի հաղթանակի մասին։ Դուրս եկավ մարդը, նայեց իր երեք բարդիներին: Նրանք կանգուն էին, և երբ սլացավ լույսերով ողողված վագոնը, նա բնազդաբար սեղմվեց բարդիներին։ Ապա արագ-արագ բարձրացավ վեր, դեպի այն բարձրությունը։

Այնտեղից նա տեսավ ռելսերը, որ ձգվում էին փողոցի ամբողջ երկարությամբ։ Նրանք գնում էին հեռու, խառնվում ուրիշ ուղիների, անցնում աշխարհից աշխարհ։ Հետո նա հենվեց քարին, տեսավ դաշտը, տեսավ և այն ձյունոտ գագաթը։ Նույնն էր, ինչպես ամեն գիշեր։Ապա կամեցավ կավե պատերով փակել բոլոր մուտքերը,