Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շոգից և հոգնությունից ծանրանում են իմ կոպերը. և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը։ Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում, և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկելը։ Աղմկում են եղեգները... Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը:

Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին։ Երևում է լեռան մուգ-կապույտ ստվերը, վրան ձյունի նման սպիտակ ամպ։ Երբ օրորվում է եղեգնը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում:

Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից...

Գետնի կավն արևից ճաքել է։ Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր։ Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա. ծղնոտի ծայրը մոտեցնում եմ ոստայնին, և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը՝ բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը։

Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի կլոր գունդը։ Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը։ Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը:

Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և՛ հողմը, և՛ արևը, և՛ անձրևը: