Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի։ Կտուրին կլիներ կլոր անցք, և տափակ մղաններով բարձր կալից հարդի տաք շեղջերն ալիք-ալիք կմզանեին ներս։ Հետո անցքը կփակեին չոր ցախով, և մի անտիրական շուն կձմեռեր հարդի վրա, մարտի վերջին շունը կցնկներ վեց ապօրինի լակոտ, որ հղիացել էր ցուրտ աշնանը, ցանկապատի տակ։

Այդպես կլիներ լեռնային գյուղերում։

Այս շենքը եղել է հարթավայրի գյուղի եկեղեցին: Հանել են վարագույրը, սրբերի պատկերները։ Դարբինը տարել է մկրտության քարե ավազանը և այժմ կարմրած խոփերը նետում է ավազանի պղտոր ջրի մեջ։ Մնացել են քարե երեք աստիճանները, որով իջնում են գետնափոր ակումբը, երկու պղնձյա աշտանակները, որոնցից կախում են նավթի լամպեր. մնացել է եղեգնյա կտուրը և ջահերի նման կախված եղեգները, որ ճոճվում են, երբ բացվում է դուռը։ Ակումբի եղեգնյա կտուրի տակ ապրում են հին աղավնիները, և երբ դուրսը բուք է լինում, նրանք ծվարում են մխից մգլած նիշերում, այնտեղ, ուր պահում էին արծաթյա անոթները:

Նոր նկարներ են զարդարում սպիտակ պատերը, և հին կամարների տակ հնչում են նոր խոսքեր։ Այդ գետնահարկ շենքում աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները։

Դռան գլխին, քարի վրա, առաջին տարին քանդակեցին մի մուրճ և մի մանգաղ, ներքևը՝ անպաճույճ գրերով գրեցին՝ «Կեցցե»։ Այդ անզարդ քանդակից այժմ ցոլում է առաջին հավատացողների սրբազան պարզությունը, այն անկրկնելի հմայքը, որ ունի սկզբնական օրերի անվարժ ոճը, երբ նոր մարդը հնի թանձր խավարից թռչում է դեպի նոր արշալույս և առաջին հետքերն է դրոշմում քարերի վրա, թղթերի վրա և պայծառ խնդությամբ սկսում է իր նոր էջը։