Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին դրոշները դառնում են սրբություն, հերոսներն անմահանում են և գալիս են նորոգ գուսաններ՝ նրանց և այն հերոսական օրերի մեծարման երգերով։

Եվ ահա Նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք։

Վառել էին բոլոր ճրագները, և կամարների տակ դեռ մութ էր։ Նույնիսկ թվում էր, թե ճրագների լույսից ավելի էր թանձրանում խավարը։ Լուսավոր էր բեմը, և բեմի լույսը հազիվ էր հասնում առաջին շարքերին, որտեղ փայտյա ցածր նստարանների վրա իրար էին սեղմվել կանուխ եկած հանդիսականները։

Դռնակն անդադար բացվում էր, նոյեմբերյան քամին ներս էր փչում, օրորվում էին եղեգները, և ճրագների լույսը դողում էր։ Մարդիկ, որոնք ներս էին մտնում այդ դռնակով, իջնում էին քարե երեք աստիճաններով, նրանք կորչում էին մութի մեջ, երևում էին ծխախոտի կրակները, ինչպես գիշերային լուսավոր բզեզներ: Հետո առաջանում էին դեպի լույսը։

Աղջիկները զարդարում էին բեմը։ Ի՞նչ կարող է լինել դաշտերում, նոյեմբերյան օրերին... Դեղնավուն փշատերև թուփեր, դեռ կանաչ մասրենու ճյուղեր և դաշտային արցանգեզներ, որոնք ծաղկում են ցրտերի հետ և միայնակ վայելում աշնան արևը։ Աղջիկները դեղնավուն փշատերև թփերից, մասրենու կանաչ ճյուղերից և աշնան դաշտի ծաղիկներից հյուսել էին մանյակներ ու պսակներ, բամբակի բացված կնգուղները հագցրել էին պսակներին և այդ ամենը նկարների կարմիր երիզների հետ հյուսած՝ կախել պատերից։

Անկյունում դրոշներն էին, որոնք հսկումի էին կանգնել մի պարզ և արդեն կարմիրը մաշված դրոշակի, որի վրա նույն անպաճույճ մուրճն էր ու մանգաղը, ինչպես քանդակել էին դռան ճակատին։ Այդ ապստամբության առաջին դրոշակն էր, որ պարզեց գյուղը, երբ հարավից որոտաց ազատության առաջին թնդանոթը: