Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թպրտացին կտուրի տակ, մի քանիսը ճախրեցին լույսերի և մարդկանց վրա, ապա կորան մութի մեջ:

Մարդր ժպտա՞ց աղավնիների թպրտոցի վրա, թե՞ ջերմություն զգաց և հստակ ձայնով սկսեց իր պարզ զրույցը:

Լսե՞լ եք դուք այն արթուն խոսքը, որ հոսում է, ինչպես իմաստուն զրույցը, երբ առաջին վայրկյանից խոսողն իրեն է բևեռում բոլորի ուշադրությունը, երբ չկա ինքը՝ խոսողը, իսկ նրա ճշմարիտ մտքերը մուրճի նման հարվածում են և բախում խոր դռներ, երբ խոսքի մեջ կա անխորտակելի ճշմարտություն, որ հարթում է իր ճանապարհը ուրիշների սրտում և ուղեղների մեջ, երբեմն փայլում բարձր մտքերով և երբեմն զարմացնում իրերի ու մարդկանց ճշգրիտ ճանաչողությամբ։

Նա խոսում էր այնպես, կարծես պատմում էր միայն մեկին, այն սրտագին մտերմությամբ, որ ունի պատմողը լսողի հանդեպ: Նա պատմում էր այն չարքաշ օրերի մասին, որ անդարձ անցել են, խաբեբայության, սուտի, շահագործման, հոգևոր այլասերման, ծեծի և բռնությունների այն ժամանակների, երբ սով կար, և՛ սուր, և՛ բանտ, և՛ կեղեքում: Երբ պատմում էր այդ ժամանակներից, շատերը վերհիշում էին պատկերներ, որոնք անջնջելի դրոշմ էին դրել նրանց հիշողության մեջ։ Ով քաղց էր հիշում, ով որդուն՝ որ անվերադարձ գնաց պատերազմ, ով հիշում էր իր դառն ապրուստը, երբ բախում էր ունևորի դուռը, և ում մեջքի վրա խարազանի հետքերը ցավում էին, որպես հին վերք։

Հետո նա դարձավ ապստամբության օրերին, իբրև միակ ելք, իբրև հոյակապ թռիչք դեպի ազատությունը, որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը։ Նա հիշատակեց ստեղծագործ աշխատանքը, երբ անապատները հագենում են ջրից, և ուրախանում է մարդն իր ոռոգած դաշտերով, երբ ծուխ է բարձրանում գործարանների ծխնելույզներից, և հերոսը դժվար