Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատանքով հալում ու կոփում է իր կամքը, որպես ամրակուռ պողպատ։

Նա անսպասելի վերջացրեց... Բոլnրnվին հանգիստ, առանց ձայնը բարձրացնելու: Մի վայրկյան լուռ մնացին, հետո բարձրացավ ծափերի աղմուկը: Կարծես հազար-հազար աղավնիներ թպրտացին ու թափով ճախրեցին։

Հնչեց երգը, եղավ նվագ, ապա նոր ողջույններ, դարձյալ զվարթ երգ, դուրս եկավ այն երիտասարդ բանվորը և խոսեց հախուռն ավյունով։ Նա թվեց նվերները, և այդ վայրկյանին ծանրությամբ իջավ նոր վարագույրը,որ բերել էին նրանք գյուղական ակումբի համա։

Զարմանքի ալիքը գնաց մինչև վերջին շարքերը։

Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով։ Լույսի տակ շողում էին այն ոսկեգույն հատիկները, որ աջ ձեռքով նա շաղ էր տալիս արգավանդ ցելերի վրա։

— Երանի Սեթն է...

— Իսկը Սեթը...

— Աչքերը, աչքերը...

— Էս մեր հողերն են... Ա՜յ էն ղամիշները, էն մեր լեռը...

Գիտե՞ր այդ անհայտ նկարիչը երանի Սեթին և այս գյուղը, նրանց հողերը, — դժվար է ասել: Գուցե նրա համարձակ երևակայությունը ազատ ճախրել և երկնել էր այդ պատկերը, որպես ամենից հարմարը գյուղական բեմի համար:

Առաջին տպավորությունը մնաց անջնջելի։

Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր, և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի գովից օրորվում է եղեգնուտը։ Իսկ խորքում՝ կապույտ մշուշի մեջ, հազիվ նշմարելի երևում էր զույգ Արարատը, ինչպես նոյեմբերյան պարզ գիշերներին երևում է գյուղի կտուրներից։