Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երկու կին, որոնց ազգական էր պառավ Երանը և նրա նահատակ որդին, ջերմ հավատով ընդունեցին ամբողջի կարծիքը, որ իրոք վարագույրի վրա Երանի Սեթն է։ Նրանցից մեկը վեր կացավ և փոքրիկ ձեռքը մոտեցրեց սերմնացանի բոբիկ ոտքերին։ Կարծես իր ձեռքի ջերմությունն ուզում էր հաղորդել անկենդան պատկերին, իբրև ջինջ սիրո նշան։ Մյուսը և մի ուրիշ կին մեղմ հառաչեցին ու լաց եղան մեռած սերմնացանի համար:

Այդ գիշեր արցունքը սրբագործեց մի ոսկի առասպել։

***

Քանի Նոյեմբեր անցավ…

Ու դեռ մնում է այն հողաշեն ակումբը, եղեգնյա կտուրով, և ծփում է վարագույրը, և բոց աչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տալիս ոսկի հատիկներ:

Գալիս է արդեն խուլ մի պառավ, եղեգնյա ավելը ձեռքին։ Սրբում է հատակը, զայրանում է աղավնիների վրա, երբ նրանք նստում են պղնձյա աշտանակների վրա, որ դրված են վարագույրի երկու կողմը։ Նա ավլում է ակումբի բակը, ապա նորից ներս է մտնում և մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին:

Երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ:

Հետո մայրը համբուրում է որդու անկենդան ոտքերը։

***

Փողոցի անկյունում ինձ հանդիպում է իմ ընկեր Ավազը: Ես հարցնում եմ նրան.

— Մնո՞ւմ է այն վարագույրը…

— Մնում է: — Իսկ մա՞յրը…