Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրեց ծոցում և մահակն առավ, ուզում էր դուրս գալ։

− Ո՞ւր, բալաս...

− Հրես կգամ, գնում եմ քաղաք, գործ ունեմ, իրիկունը կգամ։

Բադին խնդրեց, թե մութ է, չար վախտ է, հազար թշնամի կա, սպասի, լուսով գնա։ Հաբուդը մտիկ չարեց։

− Բան չկա, խամ հո չեմ ես ճամփեքին,− ասաց ու դուռը ծածկեց։

Մյուս օրը երեկոյան դեմ գյուղում լուր տարածվեց, թե քաղաքում խառնակություն է եղել, բոլշևիկները զորքի հետ միասին վրա են տվել, կոմիտեի շենքը ջարդել, ժողովուրդն սկսել է խանութները թալանել։ 10 Հետո բոլշևիկներին շրջապատել են, խմբի տղերքը վրա են տվել բոլշևիկի կոմիտեի վրա և բոլորին բանտարկել։

Վանդունց Բադին և Հաթամի աղջիկն անհամբեր սպասում էին Հաբուդի վերադարձին։ Մի քար լռություն կար խրճիթի ներսում, նրանց սրտերում և ոչ ոք չէր զորում հարցնել մյուսին, թե գուցե մի փորձանք է պատահել։

Հաբուդը չեկավ։ Առավոտ կանուխ իմացան, որ նրան էլ են բանտարկել։

− Բա՜, տեսաք էն շան թուլին, մեր սաղ մահալում վարժապեա Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը՝ տավարածի տղան, նրան հավան չի,− այսպես էր ասում Իսանանց սպան, չարախինդ և ինքնագոհ, 20 առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին խանութի առաջ։

− Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ես, թե՞ նա։ Մեզ հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք,− կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին։

Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ։