Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՅՈՒՄԲԱԹԻ ՁՈՐ

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

Մի քիչ ներքև, տձև ժայռերի տակ Հյումբաթն է, բլրակի վրա՝ Միջին մահլան, արևկող երեսին՝ Գյունեյ թաղը։ Մութն ընկնելուց ինչքա՜ն մռայլ են թվում վերի ժայռերը, ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ։ Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում։

Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են