Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։

Հին անտառից ոչինչ չի մնացել, ավանդությունից բացի։ Այնտեղ, ուր այժմ մի զույգ լղար եզ ծանր կամն է քաշում, կամի վրա նստած ծերունին շոգ օրին միտն է բերում պապի պատմածը կալատեղի և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները։

Այժմ լերկ են լանջերը, արևը խանձել է ժայռերի մամուռը, անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները, որոնց երակներն անտառի խոնավությունն էին ծծում և ջուրը ցայտում քարի ճեղքերից։

Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած։ Տարիների հետ պառավել է գյուղը, ուժասպառ եղել տարիքն առած ծերունու պես։ Դրա համար էլ այնքան շատ են ավերակները, դուռը հողով ծածկած գոմեր, որոնց մսուրում քանի տասնյակ տարի ոչ մի հորթ դարման չի կրծել։

Ահա երբեմնի փողոցը... Ամեն գարնան վերից իջնող հեղեղը մի քիչ խորացրել է հունը, տարիների ընթացքում դարձրել խորխորատ։ Կամարակապ աղբյուրի մի պատը փլվել է, քարե խողովակից իզուր է ջուր ծլլում, որովհետև ոչ մի մարդ չի կռանում խողովակից ջուր խմելու։ Հեղեղը փորել է տան հիմքերը, կրապատը կախվել է խորխորատի վրա։ Մի տարի, երկու-երեք ձյունաշատ ձմեռ, գարնան արագ հալոցք, վարար հեղեղի մի զարկ, և կփլվի խարխուլ պատը։

Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է։ Մելիքներն են շինել և ստիպել, որ շրջակա գյուղերից կտավատ