Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հավաքեն ձեթ քաշելու։ Ձիթհանքի թանձր պատերն են մնացել և կլոր քարը, որ դարձրել են գոմեշները, գիշեր-ցերեկ պտույտ տվել, քարի տակ տրորել բոված կտավատը:

Հիմա էլ ժայռի գլխին մնում են Մելիք-Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները, մուտքը սրբատաշ քարերից և գեղեցիկ քանդակներով: Կա մատուռի պես մի շենք, ծաղկանկար քանդակներով, հատակը սալքար, դիմացի պատին՝ ժանգոտ երկաթի օղ: Մատուռի պես այդ շենքում Մելիք-Բախտամի ձին կերել է ռամիկի մատներով մեկ-մեկ ընտրած ոսկեհատ գարի և Իրանից, քարվանով բերած քիշմիշ:

10 Հյումբաթի ձորով գետ է անցնում, որի մյուս ափին այգեստանների մեջ, գունավոր կտուրներով փոքրիկ քաղաքի տներն են: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ոչ կռիվ է եղել և ոչ էլ կոտորած: Այն ժամանակ, երբ քաղաքի տեղը շամբուտ էր և անտառ, ձորի բոլոր տներից ծուխ էր բարձրանում: Եվ երբ առաջին մովրովը հրամայեց տափարակի վրա կառուցեք սպիտակ քարե զորանոցը, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց:

Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, ով ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին 20 նոր տների հիմքը:


Այսպես առաջացան քաղաքի տները: Եվ ուղտերը, որոնք Քիրմանի շալ բարձած, ծանր հակերի տակ տնքալով չոքում էին Հյումբաթի ձորի հրապարակում՝ փոքրիկ կրպակների առաջ, իրենց գլուխները սպիտակ զորանոցի կողմը դարձրին և շամբուտները կոխելով մտան քաղաքի առաջին փողոցը:

Այդ օրից սկսվեց և Հյումբաթի ձորի արնաքամ լինելը, որովհետև քաղաքը նստում էր կոկորդին, տները փռվում էին ամենալավ հողերի վրա, աղբյուրի ակունքից ամենից առաջ ջուր էր խմում քաղաքը: