Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կա, Միջին մահլայի գետափի մասն է ողջ, Գյունեյ թաղի ծայրը: Մնացածն ավերակ տներ են ու մութի մեջ խառնվում են ժայռերին, և չի լինում որոշել՝ ո՞րն է ժայռ և որը երբեմնի բնակավայր:

Մեկ մեկ հավաքվում էին հեռու թաղերից, ներս մտնում ընդարձակ սրահը, տեղ բռնում փայտե նստարանների վրա: Երբ գզիրը մի անգամ էլ պտույտ արեց փողոցներում բարձր կանչով, շներն այս ու այն կողմից ձայն տվին ու հանդարտեցին. գզիրի հետ մի քանի հոգի եկան հեռու քարանձավներից: Սրահի կիսամութում փափախները մակաղած ոչխարի պես էին, չիբուխների կրակները՝ խոտերի մեջ լույս տվող բզեզներ:

10 Խոսքը հողի մասին էր, հարմար մի տեղ նոր գյուղ հիմնելու մասին: Երևի շատ հնում, երբ վաչկատուն ցեղերը երկրե-երկիր էին գաղթում, նոր աշխարհներ գրավում, այդ աշխարհի մասին հազար առասպել բերնեբերան էր անցնում և ոգևորում անցնելու դժվար կիրճեր, սար ու ձոր, անջուր ավազուտներ:

Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը:

— Մենակ էս ձորից դուրս գանք...

Փափախների տակ պսպղում էին աչքերը, որպես չիբուխի կրակներ, երբ 10 մեկը ծանոթ բանտի նկարագիրն էր անում և ուրվագծում վաղվա գյուղը, լայն ճանապարհը և ճանապարհի նման ազատ կյանքը:

Երբ ուշ գիշերին ծխից մթնած սրահում նախագահը քվեարկության դրեց նոր գյուղատեղը փոխադրվելու հարցը, ճրագի թույլ լույսի տակ բարձր մեկնած ձեռքերի ետև մի պահ չերևացին փափախները, թվաց, թե հսկա մի մարմին բյուր ձեռքեր է պարզել դեպի սևացած օճորքը: