Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տ Ի Գ Ր Ա Ն ՈՒ Հ Ի

Տնտեսությանը պլանով վարելու համար, ձմռան մի գիշեր Վասիլը մտքում դրեց օրագրի պես մի բան պահել, նշանակել եզան վարն ու կերը, ինչքա՞ն հաց են ուտում ամեն ամիս, քանի՞ խուրձ խոտ է հարկավոր իր երկու կովին, ե՞րբ է ծնելու կովը, քանի՞ ձու է քաղաք տանում ծախելու և այլն։

Ապագա հեռանկարների մասին մի քիչ մտածելուց հետո՝ Վասիլը շուռ եկավ կողքին և գլուխը բարձի վրա հարմար տեղավորելով, քնեց այն խոր ու հանգիստ քնով, որպիսին երևի ունենում է նավի կապիտանը 10 փոթորկից հետո նավի սարք ու կարգը դիտելով, մինչև խաղաղ նավահանգիստը։

Վասիլի տնտեսության միակ ճեղքը հարևանի պարտքն էր և այդ ճեղքից հազար ու մի անախորժություն էր ներս մտնում, վրդովում նավի կանոնավոր ընթացքը, ճոճում, ուղղությունը կորցնում, ահ ու սարսափ տարածում նավաստիների՝ մոր, կնոջ, քրոջ ու երեխաների մեջ։

Այդ գիշեր, երբ ձմռան քամին ոռնում էր այնպես, ինչպես հազար պարտատեր միաբերան կոռնային, Վասիլի գլխում ծագած միտքը՝ օրագիր և հաշիվ պահելու մասին, անշուշտ ներքին և անքակտելի 20 կապ ուներ