Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Հըմ...− արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր։

Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողեցին, ասին՝ էգուց կգաս։ − Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ,− ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա։

Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան։

10 Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն։

− Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ...

− Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած։

− Վանդո՞ւնց,—հարցրեց մարդը զարմացած։

Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան, մարդը լսեց, հոնքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը։

Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին։

20 − Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն...

Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.

− Որդուդ բերդում կրակել են էս գիշեր...

Դռնապանը հեռացավ։ Բադին մի պահ ասես քարացավ։ Հետո հանկարծ մռնչաց ցավից՝ որպես գազան վիրավոր, և արցունքի երկու շիթ գլորվեցին խորշոմած այտերի վրայով։

Բադին վազեց բերդի կողմը, շփոթվեց քաղաքի փողոցներում ու չգտավ բերդը...