Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ՄՈԻՐՈՑԻ «ԶՐՈՒՅՑԸ»-Ը

Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք։ Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը։ Ներքև փռված էր Արազդայանի տափարակից մինչև Անի կայարանը հասնող ընդարձակ տափարակը, գյուղերն ու քաղաքները, որ ցամաք դաշտում կանաչ պարտեզների էին նման, երկաթուղու սպիտակ կայարանները, անբաժան ակացիաներով ու բարդիներով։

Ես և ընկերս նստել էինք քարին, հիացմունքով դաշտին էինք նայում և փորձում գտնել ծանոթ գյուղերը: Արևը կախ էր ընկել մայրամուտի կողմը։ Սարից զով քամի էր փչում, ողջ դաշտը ողողված էր արևի լույսով, և արծաթի 10 հալոցքի նման պսպղում էր ոչ միայն Արաքսի օձանման հոսանքը, այլև մի քանի փոքրիկ լճակներ ու գյուղական առուներ։

Մեր ետևը Մաղդան էր՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ։ Երկու կին կտուրի վրա ցորեն էին քամում։ Օդը ջինջ էր և թափանցիկ, արևի տակ փայլփլում էին ցորենի քիստերն ու թեփը, երբ ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղում էին և օրորվում։

Մեզնից մի քիչ հեռու արտերն էին։ Ոտքերը վեր