Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քշտած մի մարդ ջուր էր անում: Լսում էինք, թե ինչպես էր բահը զրնգում, երբ խրվում էր ավազոտ հողում: Ձորակից երգի ձայն էր լսվում.

Կռունկն իջել է գյոլին…
Յարս ման կգա չոլին…

Երգը մերթ ընդհատվում էր. մերթ շարունակվում: Ընկերոջս հետաքրքրությունը շարժեց այդ:

– Ի՞նչ անելիս կլինի էն երգողը, – հարցրեց նա: Ես փորձեցի երգի ընդմիջումներից որոշել, բայց չկարողացա: Ընկերս չհամբերեց, մի քայլ արեց ու նայեց ձորակի կողմը:

10 – Հնձվոր է, – կանչեց նա: – Հենց որ կռանում է, լռում է…

Մեր գլխավերևը՝ բլրակի ետևից, լսվեց մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜…»: Մեկը սուլեց: Ետ նայեցինք: Ոչխարի հոտը բլուրից իջնում էր: Մի այծ բարձրացել էր քարի գլուխն ու տմբտմբացնում էր միրուքը: Բլրակի գլխին կանգնել էր հովիվը՝ մահակին կռթնած: Կանգնել էր արձանի նման ու նայում էր մեզ: Երևում էր, որ նա վաղուց է տեսել մեզ: Ապա սկսեց իջնել: Հեռվից արդեն նկատելի էր, որ նա կաղում է:

– Ես կաղ չոբան կյանքումս չեմ տեսել, – ծիծաղեց ընկերս:

Հովվի հագին տեղական, թևերը կտրած «փոթ» էր, մորթը դեպի դուրս: Պայուսակը ցնցվում էր, երբ նա քարից քար էր թռնում:

20 – Տեսնես էս սարի գլխին նա մեր օրերից ի՞նչ գիտե, – ասաց ընկերս ու ափսոսանքով ավելացրեց. – շվին չեմ տեսնում, թե ունեցել էր՝ փչել կտայինք…

Հովիվը մոտեցավ:

– Բարի տեսանք, – ասաց և գամփռին սաստեց: Շունը նստեց:

– Անունդ ի՞նչ է, – հարցրեց ընկերս:

– Մուրո՛: