Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրան ասացին, որ էլ ուշ է, իզուր է արդեն։ Եվ գլուխը կախ ետ դարձավ նա եկած ճամփով մենակ ու ձեռնունայն։

Էլ ոչ ոք չկար, ամեն ինչ կորավ։

Բադին հազիվ կարողացավ մինչև քարվանսարան հասնել, ընկավ հենց ճամփի վրա, մի քարի մոտ։ Գյուղացիք իմացան, եկան ու նրան գյուղ տարան։

***

Գյուղի գլխով շատ բան անցավ։ Բոլշևիկը նորից եկավ, և վարժապետ Մինասը Թավրիզի ճամփան բռնեց, բայց Արազի մյուս 10 ափին մեռավ։

Բոլշևիկը գյուղ եկավ, ճամփեքը բացվեցին։ Իսանանց դուքանը դարձավ խրճիթ-ընթերցարան։ Իսանանց մեծ ախպերը պիսիրի հետ փախավ Պարսկաստան, և այն օրից մինչև հիմա խաբար չկա նրանց մասին։

Գզիր Զաքին էլ փախավ մոտիկ անտառը և էլ գյուղը չեկավ։ Գյուղացիք չգիտեին, թե ինչ եղավ նրա դին։ Հերու էր, որ երեխեքը անտառում ցախ ժողովելիս մարդու ոսկորներ գտան մի քոլի տակ։ Շատերն ասում են, թե գզիր Զաքու ոսկորներն են։

Վերին հանդը տանող ճամփի վրա ջրաղացներին չհասած, Աթանանց 20 մեծ ընկուզենու տակ Վանդունց Բադու տունն է։ Բադին էլ տավար չի պահում։ Տանը ոչ ոք չունի։ Հաթամի տղջիկը որդու մահից հետո երկար չապրեց։ Վանդունց Բադին մնաց մենակ, իր հին տնակի մեջ։

Նրա աչքերը լավ չեն տեսնում, ջրակալել են։ Ամեն օր շալակով սրա-նրա համար անտառից մի քիչ ցախ է բերում` մի փոր հացի համար, իր կյանքի վերջին օրերն է ապրում։

Երբեմն էլ անտառում ցախ հավաքելիս, երբ մի քիչ ծանր է լինում շալակը, իրեն-իրեն թոնթորում է Բադին.