Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որտեղ աղմկում է լեռնային մի անանուն ջուր։ Եթե լիներ մի հսկա և նստեր «Ոսկե գահի» հարթավայրին, նա թևերր կհեներ բլուրներին, մեջքը՝ այն բարձր լեռան և ոտքերը կկախեր խոր ձորի վրա։

Բայց մենք ժամերով գնում ենք «գահի» կանաչների միջով. երբեմն խանգարում է խոտը, որ հասնում է մինչև մեր կուրծքը, և երբեմն էլ քամուց ծովի նման ծփում է բարձր կանաչը և քամին խլում է Լազրի խոսքերը:

...Գնացել է նա գետի հոսանքին հակառակ և ուշադիր նայել է ջրերին, նա հասել է մինչև գետեզրի այն աղբյուրը, որի ավազանների մեջ ընկած էր պղնձապատ երկաթը:

Գետի ջրի մեջ նա գտնում է մարմարի մի զարմանալի կտոր։ Նա փշրում է քարը և տեսնում նրա կապույտ փայլը, այն հազիվ նշմարելի երակները և հազարավոր ոսկեփայլ աստղիկները։ Նա մտաբերում է, որ գարնանը չափից ավելի բարձրացել էր գետը։ Ուրեմն ձյունհալի ժամանակ կամ գուցե գարնան պղտոր հեղեղը լեռներում քերել է մի անհայտ լեռ, և հեղեղը գետին է հանձնել այդ չնաշխարհիկ մարմարի կտորները։

Գնում է հոսանքի հակառակ մինչև գետի ակունքները՝ ցրված-փռված խոր ձորերում, լեռների վրա, մինչև բարձր գագաթների սառն աղբյուրները։ նա սպասում է մի տարի, նորից է հորդանում գետը, և ավելի շատ են երևում այդ քարերը։ Այդ տարին նա համոզվում է, որ ձախ վտակներն են բերում քարը և եռապատիկ համառությամբ շարունակում է մարմարի որսը։

Եվ գտնում է հանքավայրը մի ամայի լեռան գագաթին, որտեղ միայն ամառվա ամիսներին հնչում է հովվի սրինգը, և ապրում է քարարծիվը։

Հետո շալակեց մարմարի նմուշները, իջավ այդ լեռներից և գնաց Լեռշինարդ։

— Կային, որ չէին հավատում, թե մեր սարերում