Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՁՐԵՎԸ

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառն աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ արահետների վրա ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը:

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...

Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով, տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը, և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահատը կտուցով թմբկահարում է կեղևը։ Անտառում մառախուղ է: Կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաքոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝