Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գետը:

Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ: Այն ափին բարձրացել է հիդրո ցենտրալի բազմահարկ շենքը, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին:

Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը։ Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա։ Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ։

Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը.— «Երեք ագրեգատ, յուրաքանչյուրը 10.500 ձիու ուժ... բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ... ընդամենը 32 հազար ձիու ուժ։ Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան։ Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը, և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին»։

Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը։ Բայց լուսամատից ներս է մտնում անտառի գաղջ բույրը և նոր ներկած վահանների հոտը։

Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին: Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին: