Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարգը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը։ Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից, չարքից ու չարչուց։

Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը:

Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքին ծանր բեռ, բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը... Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «զակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը...

...Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա...

Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխին ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ...


***

Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը։