Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻ ԱՆԳԱՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ...

«Ավրորա»-ն խարիսխ էր ձգել Բալթիկ գործարանի առաջ: Ավելի հեռու «Իմպերատոր Պավել» հածանավն էր, նրա մոտ՝ նշանավոր «Վիոլա»-ն, որտեղ հուլիսյան օրերին Ցենտրոբալթիկ շտաբն էր, և ապա կազմերի մի ամբողջ անտառ օրորվում էր գորշ-կապարագույն ծովի վրա։

Ստեֆան Բորգան՝ «Ավրորա»-ի ծերունի նավաստին, վախտայի հերթապահն էր. նա ծծում էր ծխամորճը և անշարժ նայում քաղաքի կողմը: Արև էր, հյուսիսի սառն արև, որի սպիտակ շողերը հրդեհել էին Իսաակիի տաճարի գմբեթը։ Տախտակամածի պղնձե ճաղերը փայլում էին արևից։

Վախտայի կամրջակից նա դիտում էր քաղաքը։ Փողոցներում սովորական շարժում էր. կամուրջների վրայով անցնում էին տրամվայներ, ավտոներ: Չուխոնցի երկու նավավար, հասարակ նավակները տակառներով բարձած, հանդարտ թիավարում էին: Երբեմն երևում էին փոքրաթիվ զորամասեր, որ անհայտ էր, թե ո՞ւր էին գնում։ Կազակների մի էսկադրոն անցավ արքայական կամ արջի վրայով: Հեռվից նկատելի էր նրանց թրերի փայլը։ Եվ նույնիսկ նրանց երգը հին էր, կարծես Պիտերում ոչինչ չէր փոխվել։ Ամեն ինչ առաջվանն էր, ինչպես Նևան, ինչպես նրա գրանիտյա ափերը: