Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բորգան շրջվեց դեպի «Իմպերատոր Պավել» նավը, և նրա դեմքի վրա շողաց ժպիտը։ Ահա կայմերից բարձր ծածանվում է կարմիր դրոշը, առաջին կարմիր դրոշը, որ բարձրացրին Բալթիկ ծովի նավաստիները։ Եվ Բորդան հիշեց այն օրը, երբ լողացող սառույցները ձովի խորքը տարան միչման Բուլիչի արյունոտ դիակը։ Միչմանը հայհոյել էր կարմիր դրոշի առաջին պահակին, պահակը կրակել էր նրա վրա, և նրա ծանր մարմինն ընկել էր բորտից ներքև։

Վախտայի կամրջակի վրա ծանր քայլում էր Ստեֆան Բորգան, ծծում էր ծխամորճը և քթի տակ երգում էստոնական անուրախ «Ձասմա»-ն։ Ներքև՝ տախտակամածի վրա եռում էր նավաստիների սովորական առօրյան։ Ոմանք ավազով և ծանր խոզանակով լվանում էին տախտակամածը, մյուսները խաղում էին ոսկորներով, ոմանք թնդանոթների շղթաների մոտ կանգնած խոսում էին։

— Ասում են արդեն տպում են հայտարարություններ, որ իշխանությունը մեզ է անցնում։

— Իսկ Կերենսկին ֆրոնտից կազակներ է կանչել, երկու դիվիզիա․..

— Ձեռքերը կարճ են... Չի հասնի:

— Ախ, եթե մեզ ուղարկեին Ձմեռային պալատի դեմ, ես գիտեի ի՜նչ կանեի...

— Ի՞նչ կանեիր։

— Ես... Կանանց բատալիոնից տասը հոգու գերի կառնեի և, հասկանո՞ւմ ես... Մանավանդ այն հաստլիկ Ֆենյային։

Նավաստիները հռհռացին։ Նույնիսկ Բորգան, որ կամրջակից լսում էր նրանց զրույցը, ժպտաց։ Նա կամեցավ միջամտել խոսակցությանը, բայց նկատեց ծանոթ ավտոն, որ շրջվեց դեպի ափը, ուղիղ «Ավրորա »-ի դիմաց։