Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրամանից hինգ րոպե հետո հանկարծ որոտացին «Ավրորա»-ի թնդանոթները` մե՛կ, երկու, ապա որոտացին Պետրավլովկայի կողմից։ Դաշտային հրետանին, որ արդեն մնացել էր պուտիլովցիներին, հրապարակից զարկեց արքաների ձմեռային տան դարպասներին։ Լսվեց մի հուժկու ուռռա, և բոլոր փողոցներից արշավեց զինված բազմությունը։

Ձմեռային պալատում գնդացիրները լռեցին։

Նավաստիների և կարմիր գվարդիականների մի զորասյուն խիզախ գրոհով մտավ բակը և ռումբերը պատրաստ բարձրացավ մարմարյա սանդուղքներով։ Առաջին գրոհայինների մեջ էին «Ավրորա»-ից տասնյոթ նավաստի, որոնց թվում ծերունի Ստեֆան Բորդան։

Գրոհողները մեծ եռանդով փնտրում էին Կերենսկուն:

Արդեն բանտարկել էին ժամանակավոր կառավարության անդամներին, զինաթափ էին արել յունկերներին և շարքի էին կանգնեցնում նրանց պալատից դուրս տանելու,— սակայն բանվորների և նավաստիների առանձին խմբեր Ձմեռային պալատի բազմաթիվ սենյակներում և ներքնահարկում դեռևս փնտրում էին անփառունակ «Բոնապարտին»։

Մեկը հանկարծ ներքևից կանչեց. — Բռնել ենք, բռնել ենք...

Մի քանի նավաստիներ Ստեֆան Բորգայի հետ միասին ներքնահարկի մութ միջանցքում բանտարկել էին երկու հոգու սև վերարկուների մեջ փաթաթված,— և ոգևորված գոռում էին, դղրդացնելով կամարները։

Կոմիսարը նրանցից վկայական պահանջեց։

Ծերունի նավաստու սուր աչքը սև վերարկուի տակ տեսավ էպոլետի ոսկե երիզը։ Նա հետ քաշեց վերարկուի օձիքը: Նույն րոպեին կոմիսարը կարդաց նրա վկայականը. — Գեներալ-մայոր Բագրատունի, Պետրոգրադի մարզի շտաբի պետ...