Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողանում խոսել և նույնիսկ, երբ ժողովում խոսք է առնում, նույնիսկ այդ ժամանակ թնդում է նրա ահագնադղորդ ձայնը, և թվում է, թե գոռում է մի ամբողջ լեռ։ Ես ևս դուրս եկա «զկնի», ինչպես ասում են այդ գյուղում։ «Կես կռիվ» Մխոն արդեն որոտալով սլանում էր, և լսելի էր, թե ինչպես նա անարգում էր ինչ-որ լոդը Միհրանի, նրան անվանելով «կուլակի թիկնացու», «կոլխոզի տիզ» և այլ այսպիսի խոսքեր։

Իսկ քեռի Դավոն գնում էր միջահասակ մարդու սովորական քայլերով, այն վարժ քայլքով, որով այդպիսի մարդիկ լուսարարից մինչև օր-կեսօր կարող են կտրել լեռներ և ձորեր և նոր միայն նեղանալով շոգից և ոչ հոգնածությունից՝ պառկել մի թփի ստվերում։ Դժվար չէր գուշակել, որ «Կես կռիվ» Մխոն պիտի փոթորիկ գցեր և ավելի բարձր որոտար լոդրերի, ծույլերի, ավարաների և այլ այդպիսի մարդկանց հասցեին, և հենց այդ ժամանակ պիտի վրա հասներ քեռի Դավոն և լուռ ու մունջ գործ աներ:

Պատահել էր ահա թե ինչ։

«Խմբապետը», որ մի կիսախելագար երիտասարդ ցուլ էր, անպատիվ համարելով եզների շարքը դասվել և կամ գայթակղված այն ազնիվ և ընտիր կերով, որ ախոռապանները լցրել էին ձիերի առաջ, կտրել էր վզի կապը և հարբած արջի նման ծառս եղել կոլխոզի ընդարձակ գոմում, որից և վախեցած պահակը վազել էր հավարի։ Ձիերից ոչ մեկը նրան մոտ չէր թողնում, իսկ Արաբը, չքնաղ մի նժույգ, — դեռ շարունակում էր զայրագին վրնջալ, դոփելով գոմի սալ քարերը։

Երբ քեռի Դավոն ներս մտավ, տեսավ հետևյալ պատկերը։ Գոմի մյուս ծայրին, կիսամութի մեջ, ցուլը կռացրել էր վիզը և բոռում էր. մութի մեջ բոցկլտում էին նրա արնախառն աչքերը։ «Կես կռիվ» Մխոն դռան մոտ աղմկում էր ավելի բարձր, քան վրնջում էր Արաբը։ Եզների և ձիերի երկար շարքերը, որոնց վերջը չէր երևում,