Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդարտ խժռում էին կերը։ Միայն մի երիտասարդ քուռակ, որին ավելի կվայելեր սնվել օրինակ առնելով հասակավոր և պատկառելի ձիերից,— ջղային անհանգստությամբ ցցել էր ականջները և ուզում էր ցույց տալ, որ ինքը ևս բաժանում է երևելի նժույգ Արաբի զայրույթը: Իսկ եզներից և ոչ մեկը որևէ կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք ատելությամբ էին լցված դեպի «Խմբապետը», որին օրերից մի օր պիտի ամորձատեին, և նա ևս պիտի դառնար չարքաշ եզ։

Քեռի Դավոն, առանց փոխելու քայլերի ռիթմը, անցավ գոմի երկայնքով և ուղղակի մոտեցավ ցուլին: Նույնիսկ «Կես կռիվ» Մխոն սարսափից լռեց, և այլևս չվրնջաց Արաբը։ Քեռի Դավոն բռնեց «Խմբապետի» ականջներից և առաջ եկավ հետևից ցուլը։ Ապա նա ցուլին հրեց երկու պառավ եզների արանքը, առավ ճիլ խոտից հյուսված թելի կծիկը, գրպանից հանեց կեմրարը և զարմանալի արագությամբ ու ավելի զարմանալի վարպետությամբ ոլորեց այնպիսի ամուր կապ, որ հուր-հավիտյան «Խմբապետը» չէր կարող քանդել: Նա ցուլին կապեց երկաթե սեպից, և միայն այդ ժամանակ նորից «փոթորիկ փրթավ» Մխոն ու դուրս գնաց:

Այդ ժամանակ քեռի Դավոն ոչ մի բառ չարտասանեց և միայն, երբ կապեց ցուլը, գրպանից հանեց ծխախոտի տուփը և հաստ մատներով փաթաթեց ծխախոտը և ապա, այն էլ կես հեգնանքով, ասաց գոմի պահակին:

— Հաբա հորի՞ ժողովքին կըսեիր ընցեր է քեռի Դավոյի ժամանակ,— և թեթև զարկեց նրա մեջքին,— սովորի, տղաս, սովորի...

Ապա մոտեցավ մի ծանր ձիու, որն ահագին աղմուկով կրճտացնում էր ատամները, կարծես գարու հատիկները փշրվում էին ջրաղացի քարերի տակ, և շոյեց ձիու բաշը: