Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղճության, հոգու այլասերման և ծայր չքավորության անդունդի ափից անդարձ անցել է մի ուրիշ ափ և ուրախությունից կոխում է այն հողը, որ իրենն էր, բայց իրեն չէր կերակրում, տեսնում է նույնպիսի մի ձմեռ, երբ լեռները ձյունոտ են, ահա դարձյալ Արազի ափից բարձրանում է տաք գոլորշի, բայց իր դռանն այլևս չի չոքել սովի ահը, և նրա վաղը չի երևում որպես անօգնական կրակ մթագնած բուքի մեջ, այլ բացվում է որպես նորոգ գարնան առավոտ:

Խրճիթում հավաքվածների խորհրդակցությունն ավելի նման էր պարզ զրույցի, բայց այդ հասարակ խոսքերը որոշում էին հարյուրավոր մարդկանց անելիքն ամբողջ տարվա ընթացքում։ Որոշում էին այս տարվա նորմաները և միաժամանակ ուրվագծում էին կոլեկտիվի ողջ արտադրության պլանը։ Նստել էին` ով ինչպես ուզում էր, և միայն նրանք էին սեղանի մոտ, որոնք գրում էին: Նույնիսկ մեկը խրճիթում գնում գալիս էր և երբեմն բարձրացնում էր գլուխը. այդ ժամանակ նա հայտնում էր իր դիտողությունը, և նրան ևս լսում էին այնպես, ինչպես մյուսներին, որոնցից ոմանք նստել էին պատի տակ, ոմանք` վառարանի շուրջը, իսկ մի քանիսը հաստ արկղի վրա, որ անհայտ է, թե ինչու էր այդտեղ: Ամենքից գեղանկար տեղավորվել էր մի թիկնեղ մարդ: Նա չոքել էր և միևնույն ժամանակ համարյա պառկել մեջքի վրա, այնպես, որ նրա գլուխը ցցված ծնկների հետ հավասար էր։

Եվ ներկաները, որոնք կոլխոզի ակտիվն էին, նրա առաջատար ուժը, բոլորը` համարյա առանց բացառության, խոսում էին խելացի ծանրությամբ: Ննջող չկար, ինչպես գյուղական այն ժողովներում, երբ զեկուցողի միալար ձայնից կախվում էին ունկնդիրների հոգնած գլուխները, և արդեն մի անկյունից լսվում էր մրափի աղմուկ, կարծես այն կողմից գնում էր մի մենավոր սայլ, և սայլը խուլ ճռնչում էր: Պատասխանատվություն