Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերից երևում էր, որ մանուկը դեռ պապի պատմածի ազդեցության տակ է։

Նրանց սենյակը շատ բան էր ասում իր տիրոջ` քեռի Դավոյի նկարագրի մասին։ Նույնպես ամուր նստել էին պատերը, ինչպես քեռի Դավոյի կազմվածքն էր, և ամեն ինչից հայտնի էր, որ տերը տունը կառուցել է խնամքով, ամեն ինչ իր տեղն էր և մտածված, ինչպես նրա խոսքերը, և դեռ շատ վաղուց, երբ քեռի Դավոն անօթևան, թափառական էր, այդ դռան նախշը եղել է նրա մտքում։

Տան կառուցվածքի կոշտությունը մեղմացրել էր կանացի մի ձեռք, որը պատուհաններից կախել էր մաքուր վարագույրներ, պատերին նկարներ և գույնզգույն թղթերից զարդեր։ Լիքն էր տան ներսը, դռան մոտ կախված էր մի փափուկ երեսսրբիչ, իսկ վերևից դաշտային չորացած ծաղիկների միջից նայում էր Բուդյոննին։ Այդ լիքը տան բոլոր իրերի և մարդկանց վրա կար ապահով կյանքի կնիքը, իսկ փայլուն սամավարը կարծես ավելի զարդ էր և նորափեսայի նման ուռած-փքված նայում էր։

Երկար կլինի պատմել մեր զրույցը, որ սկսվեց, ինչպես սկսվում է պարզ զրույցը, քեռի Դավոն հայտնեց, որ հենց նույն օրը նրա առաջարկով կոլխոզի ակտիվի խորհրդակցությունը որոշել է կառուցել ձիերի նոր գոմ։

— Էլ ո՞նց ես։

— Գոհություն,— և հաստ մատներով սեղանի վրա հավաքում էր հացի փշրանքները։ Միշտ անհանգիստ են նրա ձեռքերը, միշտ ինչ-որ մի բան է անում.ահա հավաքեց հացի փշրանքները և սկսեց հարդարել սփռոցի խճճված ծոպերը:

Նա պատմում է այն, ինչ արդեն հայտնի է, ինչ որ վկայում են նրա տունը, տան իրերը, տանեցիները, նրանց հագուստը, նրա թոռներր, և վերջապես իր՝ քեռի Դավոյի անվրդով ու գոհ դեմքը, նրա զրույցի խաղաղ ընթացքը։