Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատահե՞լ է ձեզ ձմռան բուքին լինել դրսում` խավարի մեջ, երբ ձյունախառն բուքը ծածկում է բոլոր ճանապարհները, ձյունի փաթիլները սուր ավազների նման ծեծում են ձեր դեմքը, սառչում է ձեր շունչը, և ահա թվում է, որ այլևս փրկության ուղի չկա, փրկության ուղի` այդ խավար գիշերը, երբ ոռնում է բուքը, և ահա հանկարծ ցոլում է մի վիթխարի կրակ, դժվարությամբ հասնում եք կրակին, և երբ արդեն տաքացել են ձեր ձեռքերն ու մարմինը, երբ հնարավոր մահը դառնում է անցյալ, իսկ փրկությունը հրաշք, կրակի մոտ ուրիշներին հանդարտ ձայնով պատմում եք այն ուղիների մասին, որտեղ խավար էր, և ոռնում էր մահվան բուքը։ Ահա այդպես, իբրև մի մարդ, որ հասնում է ապահովության ափը, քեռի Դավոն պատմեց իր և իր նմանների կյանքը։ Նրանք և նրանց պապերը այդպիսի տուն չեն ունեցել, նրանք ապրել են մի մութ երկրում, մրոտ տների թոնրածխի մեջ: Նրանք ունեին եղեգնյա խսիր, որ փռում էին օջախի առաջ, և ամբողջ գերդաստանը պառկում էր խսիրի վրա, ինչպես քարայրի գազանը` չոր տերևների վրա։ Եվ նույնիսկ այդ կյանքը շատ եղավ նրանց համար, և ինչպես կրակվող եղեգնուտից փախչող թռչուններ, նրանք հեռացան իրենց բարձր քարափներից և քարափների խեղճ տներից։

Երբևիցե մի գրիչ կպատմի քեռի Դավոյի կյանքը և այդ գրիչը շատ կգտնի հերոսություններ նրա կյանքում: Եվ նա կզարմանա, թե ինչպե՞ս է, որ բոլոր պատուհասների ընթացքում չի անհետացել քեռի Դավոյի զարմը: Բարձր ոգևորություն կհոսի նրա երակներում, երբ այդ պատմիչն իր պատմությունը հասցնի մինչև այն օրը, երբ իրար հետ միացան տասներկու ծուխ և այս հողերի վրա վառեցին նոր կյանքի կրակները, և առաջին տասներկուսի հետ քեռի Դավոն լսեց համայնական կյանքի կոչը:

— Իսկ ի՞նչ ես անելու այն ավելցուկը, որ ունես...