Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ մեր զրույցին խառնվեցին և կանայք` քեռի Դավոյի կինը և նրա հարսը, այն թուխ մանուկների մայրը, որի կանացի մատները քնքշություն էին տվել Դավոյի կառուցած տան հաստ պատուհաններին և պատերին։ Երևաց, որ կանայք տարբեր կարծիքի են ավելցուկ ցորենի և մյուս մթերքների օգտագործման մասին, նրանք պահանջում էին «կարի մեքենա» և «կռավաթ», իսկ հարսը` նույնիսկ պատեֆոն։ Այնինչ քեռի Դավոն հակառակ է մտածում. նա կամենում է իր նոր տան կողքին կառուցել մի ավելի ընդարձակ սենյակ, գետնից բարձր, որ ներքևը լինի մառան, իսկ կտուրի վրա ամառվա չարդախը։ Եվ երբ պատրաստ կլինի այդ սենյակը, այն ժամանակ նա կգնի երկաթյա մահճակալ։ Նրա թոռները գլդոր-մլդոր փաթաթվեցին պապին, կարծես այդ եղանակով հայտնեցին, որ իրենք չեն ուզում ոչ խոր մառան և ոչ երկաթե մահճակալ, այլ միայն ուզում են, որ միշտ ունենան այդպիսի պապ, բարձրանան նրա ուսերի վրա, գլորվեն նրա գոգում, և պապը նրանց զարմանալի պատմություններ պատմի։

Ճրագները վառվեցին։

Երբ սեղանի արկղից հարսը լուցկի հանեց, իմ աչքին ընկավ էլեկտրալարի կապոցը, կոճակները, դեղին պատրոնը և նույնիսկ մի էլեկտրալամպ։

— Ինչո՞ւ ես հավաքել, քեռի Դավո։

— Հաբա մեզ լուս կիտա Սիմիստրոն...

Սիմիստրոն, Ցեմստրոյը, Ցեմշինը...

Հեռի Դավոյի պատուհանից երևում էր հայկական հին գյուղին օտարոտի պեյզաժ։ Դիմացի բլուրների ստորոտում թարթում էին բազմաթիվ ճրագներ, բլուրների վրա երևում էին ավելի զորեղ կրակներ։ Թվում էր, թե ամբողջ դաշտում փռվել է արդյունաբերական մի մեծ քաղաք, և նրա բազմաթիվ կրակները վառվում են գիշերային մթության մեջ։ Պատուհանից նայում էին այդ հոյակապ տեսարանին, իսկ քեռի Դավոն պատմում էր,